Ադրբեջանի Զինված ուժերի Նախիջեւանի կորպուսում ապստամբություն կարող է սկսվել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները: Տարիներ շարունակ Նախիջեւանի կորպուսում խախտվում են բոլոր տեսակի օրենքները, իսկ կառումպացվածության մակարդակը չափազանց բարձր է: Մի սպա չի կարող միեւնույն կորպուսում հինգ տարուց ավել ծառայել, դա ԶՈՒ կանոնոկարգի խախտում է, իսկ Նախիջեւանի կորպուսում կան սպաներ, ովքեր ավելի քան 15 տարի է, ինչ ծառայում են միեւնույն կորպուսում:

Արդյունքում կորպուսի հրամանատար Քերեմ Մուստաֆաեւը իր համակարգն է կառուցել` թույլ չտալով Բաքվից ժամանած ղեկավարներին, ինչպիսին էր օրինակ գեներալ-մայոր Փրիեւը, կարգ ու կանոն հաստատել կորպուսում: Վերջին ժամանակաշրջանում լարվածությունը շատ ավելի է աճել: Բուժծառայության համար հատկացված միջոցները յուրացվում են, եւ ծախսերը կատարվում են սպաների աշխատավարձից պահումներ անելու հաշվին: Սպայական անձնակազմը լուրջ դժգոհություն է արտահայտում ստեղծված իրադրության կապակցությամբ, գրում է «Ազադլըգ»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նախիջեւանի բանակային կորպուսի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Հեյդար Փրիեւը պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Գեներալը կարճ ժամանակ անց ինքնակամ հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից, քանի որ չէր կարողացել հանդուրժել «Նախիջեւանի խան» Վասիֆ Թալիբովի կողմից առաջ քաշված խոչընդոտները: Նշվում է, որ Փրիեւի հրամաններով ղեկավարվող կորպուսի հրամանատարի` Քերեմ Մուստաֆաեւի եղբայրը` Նեմեթ Մուստաֆաեւը, գեներալի գործունեության համար լուրջ արգելքներ է ստեղծել: