Ռուսաստանում նախագահական ընտրություններում Կոմունիստական կուսակցության հաղթանակի դեպքում կոմունիստները 2012թ. դեկտեմբերին Պետդումայի նոր ընտրություններ կանցկացնեն: Այս մասին կուսակցության ՌԴԿԿ նիստում հայտարարել է կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը:
Նա հայտնել է, որ ՌԴԿԿ-ն անցած ընտրությունները համարում է անազատ եւ անարդար եւ չի ճանաչում դրանց լեգիտիմությունը:
«ՌԴ Պետդումայի քարոզարշավը վերջին 20 տարվա մեջ ամենազազրելին էր», - Զյուգանովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զյուգանովը ներկայացրել է նաեւ կուսակցության ծրագիրը. ՌԴԿԿ-ն անհրաժեշտ է համարում փոխել երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ իր ծրագիրը ներկայացնում է «3+7+5» բանաձեւով. ներքին նոր քաղաքականության երեք ուղղություն, նոր տնտեսական քաղաքականության 7 ուղղություն եւ սոցիալական հինգ առաջնահերթություն: Զյուգանովն ընդգծել է, որ կոմունիստների համար հիմնական առաջնահերթությունը ազգայնացումն է մնում:
Նա հզոր պետություն ստեղծելու հարցում շահագրգռված բոլոր կուսակցություններին կոչ է արել համագործակցել ժողովրդական վստահության կառավարության ստեղծմանը:
Նշենք, որ այսօր տեղի է ունենում ՌԴԿԿ նիստ, որի օրակարգի հիմնական հարցը Զյուգանովին նախագահի թեկնածու առաջադրելն է:




























