Իր երդմնակալությունից մի քանի ժամ հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է կլիմայի Փարիզի համաձայնագրից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու մասին։

Ընդհանուր առմամբ, Թրամփը չեղարկել է նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի 78 կարգադրություն, որոնք Սպիտակ տան կայքը անվանել է «վնասակար»։

Փարիզի կլիմայի համաձայնագիրը, որը ձեռք է բերվել 2015թ., երկրներին պարտավորեցնում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, որպեսզի ջերմացումը պահպանվի մինչեւ 1,5°C, նախաարդյունաբերական մակարդակից: Տարեցտարի այս նպատակին հասնելն ավելի ու ավելի անհավանական է դառնում։

Նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում եւս Թրամփը դուրս էր եկել համաձայնագրից, սակայն Բայդենը, փոխարինելով նրան 2021թ., անմիջապես վերադարձրեց ԱՄՆմասնակից երկրների ցուցակ։

Թրամփը նաեւ հայտարարել է ԱՀԿ-ից ԱՄՆ դուրս գալու մասին, քանի որ այն «շարունակում է անարդարացիորեն ծանրաբեռնված վճարումներ պահանջել ԱՄՆ-ից», հայտնել է CNN-ը։  Իր առաջին ժամկետում եւս նա դա արել էր։

Մինչ երկու կուսակցությունների օրենսդիրները քննադատել են ԱՀԿ-ին 2020թ., երբ Թրամփը առաջին անգամ որոշեց դուրս գալ դրանից, շատերը դատապարտեցին նախագահի որոշումը՝ դուրս գալ դրանից գլոբալ համավարակի ժամանակ: Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին դա անվանել էր «անիմաստության ակտ»: Իսկ թոշակի անցած հանրապետական​​սենատոր Լամար Ալեքսանդրը, որն այն ժամանակ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի եւ կենսաթոշակների հանձնաժողովի նախագահն էր, ասել էր, որ համաձայն չէ Թրամփի որոշման հետ:

Դոկտոր Աշիշ Ջան, որը Բայդենի վարչակազմի օրոք ծառայում էր որպես Սպիտակ տան COVID-19-ի արձագանքման համակարգող, իր երկրորդ ժամկետում ԱՀԿ-ից դուրս գալու Թրամփի որոշումը անվանել է «ռազմավարական սխալ»:

«ԱՀԿ-ն բավական կարեւոր կազմակերպություն է, եւ Ամերիկայի հեռանալով այն ստեղծում է քաղաքական վակուում, որը կարող է լրացնել միայն մեկ երկիր, եւ դա Չինաստանն է»,- ասել է Ջան CNN-ին:

Նա կանխատեսել է, որ Չինաստանն ավելի ակտիվ կդառնա կազմակերպությունում՝ ԱՄՆ ֆինանսավորման բացակայության դեպքում, ինչն իր հերթին կարող է «Չինաստանին ավելի շատ քաղաքական ազդեցություն տալ աշխարհում»:

Ջորջթաունի համալսարանի հանրային առողջության իրավունքի պրոֆեսոր Լոուրենս Գոստինը X-ում գրառման մեջ ասել է, որ ԱՀԿ-ից Թրամփի դուրս գալը Թրամփի գործադիր գործողություններից «ամենակարեւորն է»:

«Սա աղետալի նախագահական որոշում է։ Ելքը լուրջ վերք է համաշխարհային առողջության համար, բայց էլ ավելի խոր վերք է Միացյալ Նահանգների համար»,- հավելել է նա։

Ջան նախազգուշացրել է, որ ԱՀԿ-ից դուրս գալը թուլացնում է կազմակերպությունը, քանի որ այն մեծապես հենվում է ԱՄՆ անձնակազմի եւ փորձաքննության վրա, հատկապես համաշխարհային գրիպին հետեւելու հարցում: