ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վլադիմիր Զելենսկին հավատարիմ է ուկրաինական հակամարտության կարգավորման գործարքին։

«Զելենսկին ցանկանում է գործարք կնքել»,- հունվարի 20-ին Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը: Բացի այդ, ԱՄՆ նախագահն ակնկալում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը նույնպես պատրաստ է գործարքի։ «Ես նրա հետ հիանալի հարաբերությունների մեջ էի, եւ ես հույս ունեմ, որ նա ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ Պուտինը նշել էր ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, Մոսկվան բաց է երկխոսության համար ԱՄՆ նոր վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության շուրջ, ամենակարեւորը ճգնաժամի բուն պատճառների վերացումն է։ Նա հաստատել է, որ Ռուսաստանը հաշվի է առնում Թրամփի եւ նրա թիմի հայտարարությունները շփումները վերականգնելու ցանկության մասին, ինչպես նաեւ այն, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար։