Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: Հրաժեշտի համար դեկտեմբերի 21-ից աճյունը դրված կլինի Պրահայի ամրոցի Վլադիսլավյան սրահում: Այս մասին հաղորդվում է Չեխիայի նախագահի գրասենյակի ղեկավարի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, Վացլավ Հավելը մահացել է դեկտեմբերի 18-ին` քաղաքից դուրս գտնվող իր տանը, երկարատեւ հիվանդությունից հետո ծագած բարդություններից: Նա եղել է Չեխոսլովակիայի վերջին (1989-1992թթ.) եւ Չեխիայի առաջին նախագահը (1993-2003թթ.):
Հավելը Վարշավյան պայմանագրի կազմակերպության երկրներում հայտնի քաղաքական այլախոհ եւ իրավապաշտպան էր, խորհրդային իշխանությունների դեմ պայքարող մարտիկ: Մեծ եւրոպացի, բռնապետության եւ տոտալիտարիզմի հակառակորդ. այսպես են նրան բնորոշում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները:
Հավելի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Սպասվում է, որ այսօր` դեկտեմբերի 19-ին, երկրում համազգային սուգ կհայտարարվի:
.




























