NEWS.am-ը Ամանորի կապակցությամբ նախաձեռնել է հարցազրույցների շարք մեր նախարարների հետ, որի շրջանակներում էլ ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայաստանի գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Ինչպե՞ս եք որոշել այս տարի անցկացնել Ամանորը, որտե՞ղ, ո՞ւմ հետ:

Ինչպես միշտ կանցկացնեմ այստեղ` Հայաստանում: Ամանորը կդիմավորեմ ընտանեկան ջերմ մթնոլորտում` երեխաներիս ու թոռներիս ընկերակցությամբ: Այսպիսով հնարավորություն կունենամ նաեւ թոռնիկներիս հետ ավելի շատ շփվելու, քանի որ լարված աշխատանքային գրաֆիկը երբեմն թույլ չի տալիս երկար ժամանակ հատկացնել նրանց: Իսկ Ամանորն, ինչպես բոլորը, պատրաստվում եմ դիմավորել ուրախ տրամադրությամբ ու ջերմ բարեմաղթանքների ներքո: Ասում են` ինչպես տարին դիմավորես, այնպես էլ այն կշարունակվի:

Որքանո՞վ եք մասնակցում ամանորյա նախապատրաստություններին: Որոշե՞լ եք, թե ինչ եք նվիրելու ձեր երեխաներին, կնոջը, մտերիմներին:

Ամանորյա գնումները սովորաբար ինքս եմ կատարում: Սիրում եմ անձամբ ընտրել թե’ նվերները, թե’ ամանորյա հյուսաիրության համար անհրաժեշտ գնումները կատարել:Անշուշտ, նրանց բոլորի ու առաջին հերթին թոռնիկներիս համար պարտադիր գնում եմ նվերներ, բայց դա թողնենք անակնկալ մնա: Թեեւ պետք է ասեմ, որ հիմա թոռնիկներիս այլեւս չի հաջողվում համոզել, թե Ձմեռ պապն է նվերների հեղինակը: Ինչ վերաբերում է նվերներին, անպայման ինքս եմ ընտրում դրանք, իմ ճաշակով: Սիրում եմ նվիրել, փոխարենը չեմ սիրում ընդունել:Այդ մասին գիտեն ինձ ճանաչողները:

Ձեր ընտանիքում Ամանորը կազմակերպելու եւ անցկացնելու ձեւավորված ավանդույթներ կա՞ն, կպատմե՞ք դրանց մասին:

Նոր տարին դիմավորում ենք ընտանեկան հարկի ներքո, երեխաներիս ու թոռնիկներիս հետ հավաքվում ենք տոնական սեղանի շուրջ, միմյանց հղում բարեմաղթանքներ, թոռնիկներս սպասում են հերթական անակնկալին` նվերների տեսքով: Կինս շատ համեղ է պատրաստում:Մեր հյուրերը հատկապես հավանում են նրա պատրաստած պասուց տոլման ու իշլի-քյուֆթան, այնպես որ հյուրերիս պարտադիր առաջարկում եմ ճաշակել: Տարիներ առաջ, երբ ծնողներս կային, առաջինը նրանց էի գնում շնորհավորելու: Իսկ առհասարակ, հյուր գնալ այնքան էլ չեմ սիրում, ավելի նախընտրում եմ ինքս ընդունել:

Երազանք պահո՞ւմ եք Ամանորի գիշերը, հավատո՞ւմ եք Ձմեռ պապի գոյությանը: Կնշե՞ք այն երեք երազանքները,որոնք կցանկանայիք, որ իրականանային:

Երազանքները, երեւի, բնորոշ էին մանկությանը: Հիմա արդեն դրանք վերածվել են ցանկությունների: Ցանկությունս է տեսնել հզոր Հայաստան, որի զավակները համախմբված կլինեն հայրենիքում ու կշենացնեն մեր երկիրը, տեսնել խաղաղություն յուրաքանչյուրի ընտանիքում ու մեր սահմաններին:

Հիշո՞ւմ եք, թե որն էր Ձեր կյանքի ամենաերջանիկ եւ ամենատխուր Ամանորը:

Ճիշտն ասած, փորձում եմ միշտ ուրախ տրամադրությամբ դիմավորել Նոր տարին ու այդպես էլ անցկացնել տոնական օրերը:Եղել է, որ տխուր եմ դիմավորել այն, բայց հիմա` Ամանորի նախաշեմին, չէի ցանկանա հիշել: Ցանկանում եմ, որ բոլորս Նոր տարին դիմավորենք գեղեցիկ հույզերով ու բարձր տրամադրությամբ:

Եթե դիմակահանդես կազմակերպվի, ի՞նչ կերպարով կներկայանաք:

Մի փոքր դժվարանում եմ ասել, բայց կցանկանայի, որ այն լիներ ապագայի նկատմամբ լավատեսությամբ տրամադրված ու բարությամբ լցված մարդու  կերպարը:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը