Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը կիրակի օրը Ալուլա քաղաքում հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, հաղորդում է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA):

«Գահաժառանգ արքայազնը և Իտալիայի վարչապետը դիտարկել են երկկողմ հարաբերությունները, ուսումնասիրել տարբեր ոլորտներում դրանց աջակցելու և ամրապնդելու ուղիները, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումները»,- գրում է լրատվամիջոցը։

Իր հերթին Մելոնին ասել է, որ Իտալիան Սաուդյան Արաբիայի հետ ստորագրել է շուրջ 10 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության և արդյունաբերական համաձայնագրեր՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման շրջանակներում, հայտնում է Reuters-ը։

«Մեր համագործակցության մեջ մեծ ներուժ կա, և ես ցանկանում եմ, որ այս այցը բոլորովին նոր փուլ բացի մեր գործընկերության մեջ,- ասել է Մելոնին։- Հենց դա է նախատեսված համատեղ հռչակագրում, որը մենք այսօր ստորագրեցինք։ Սա ցույց է տալիս, որ մեր երկու երկրները կարող են ընդլայնել իրենց հորիզոնները և միասին բացահայտել բազմաթիվ նոր հնարավորություններ»։

Ըստ նրա, Իտալիան և Սաուդյան Արաբիան ստորագրել են «բազմաթիվ համաձայնագրեր կառավարական մակարդակով, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր, որոնք ստորագրվել են այցի ընթացքում պետական ​​և մասնավոր կազմակերպությունների կողմից»։

Նա ենթակառուցվածքը, էներգետիկան, պաշտպանությունը, սպորտը, ժամանցը և զբոսաշրջությունը նշել է որպես ոլորտներ, որտեղ երկու երկրների միջև համագործակցությունը կարող է դառնալ «ավելի ուժեղ, արդյունավետ և խորը»:

Իրենց հանդիպման ընթացքում Մելոնին և գահաժառանգ արքայազնը քննարկել են նաև «Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությունը», Գազայում հրադադարի ամրապնդումը, Սիրիայում վերականգնողական ջանքերին աջակցումը և Լիբանանին օգնության տրամադրումը, ասվում է Իտալիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ: