Թուրքիայի իշխանությունները ստեղծել են Սիրիային օգնություն տրամադրելու համակարգման մեխանիզմ։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը` հույս հայտնելով, որ Եվրամիությունը մոտ օրերս կհանի Դամասկոսի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը։

«Հուսով ենք, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցների մասնակի վերացումից հետո Եվրամիությունը նույնպես առաջիկա օրերին կհանի մի շարք սահմանափակումներ։ Թուրքիան ստեղծել է համակարգման մեխանիզմ՝ Սիրիային օպերատիվ օգնություն տրամադրելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը, էներգետիկան եւ առողջապահությունը: Սիրիացիները մեր եղբայրներն են, եւ, իհարկե, մեզ համար կենսական նշանակություն ունի, որ Սիրիան լինի կայուն եւ զարգանա տնտեսապես։ Հուսով եմ, որ Թուրքիայի ջանքերը, ինչպես անկախ, այնպես էլ գործընկերների հետ համագործակցությամբ, արդյունք կտան»,- նախարարի խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը։

Ֆիդանը հանդես է եկել Սիրիայում ներառական կառավարության ձեւավորման, նրա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման, ինչպես նաեւ բոլոր զինված խմբավորումները մեկտեղելու օգտին, որոնցից ամենամեծը գործում է երկրի հյուսիսում։ «Մենք, առանց վարանելու, Թուրքիային մոտ խմբավորումներին, որոնք կազմում են մոտ 80 հազար մարդ, խորհուրդ տվեցինք միանալ ազգային բանակին եւ թույլ չտալ, որ երկրում անկարգություններ լինեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։