Իսրայելը հաստատել է, որ հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների պլանավորված ազատ արձակումը՝ ի նշան բողոքի այսօր ավելի վաղ Խան Յունիսում պատանդների փոխանցման ժամանակ քաոսային տեսարանների դեմ, հաղորդում է Times of Israel-ը:
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրաել Կացի հետ միասին կարգադրել են հետաձգել ահաբեկիչների ազատ արձակումը, որոնք պետք է ազատ արձակվեին այսօր՝ մինչև որ երաշխավորված կլինի մեր պատանդների անվտանգ անցումը հաջորդ ազատ արձակումների ժամանակ»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:
«Իսրայելը պահանջում է, որ միջնորդները հասնեն դրան»,- նշվում է հայտարարության մեջ:
Երեք իսրայելցի պատանդների ազատ արձակումը պատասխան էր Իսրայելի պահանջին այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չկարողացավ ազատ արձակել խաղաղ բնակչուհի Արբել Եգուդին շաբաթ օրը: Իսրայելը հետաձգել էր Գազայի հյուսիսային մաս տանող ճանապարհի բացումը՝ մինչև չհայտարարվեց նրա ազատ արձակման մասին:





























