Եվրամիությունը ուրբաթ օրը առաքելություն է տեղակայում Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Եվրոպան այստեղ է օգնելու համար. Եվրամիության քաղաքացիական սահմանային առաքելությունն այսօր ուղարկվում է Ռաֆահի անցակետ՝ պաղեստինցիների և իսրայելցիների խնդրանքով: Այն կաջակցի պաղեստինյան սահմանապահ անձնակազմին և թույլ կտա տեղափոխել մարդկանց Գազայից, այդ թվում՝ բժշկական օգնության կարիք ունեցողներին»,- գրել է նա X-ում։

Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Նույն օրը պաղեստինյան խմբերն ազատ են արձակել պատանդների առաջին խմբին, որոնց թվում եղել են երեք իսրայելցի կանայք։ Ի պատասխան՝ Իսրայելը բանտից ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալների։ Հունվարի 25-ին Գազայից հայրենիք են վերադարձել չորս պատանդ կին, որոնք ծառայում էին Իսրայելի պաշտպանության բանակում և պահվում էին անկլավում: Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 114-ը ժամանել են Հորդանան գետի արևմտյան ափ, 16-ը վերադարձել են Գազա, իսկ մնացած 70-ը արտաքսվել են Եգիպտոս, որտեղ նրանց դիմավորել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչները։