Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր նոր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի համաձայն՝ նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Հեռուստաալիքը վկայակոչում է երկու աղբյուրի, որոնք հաստատել են, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունն արդեն կայացել է, թեև այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել։ Նրանց խոսքով՝ զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «ռազմական գործողությունների համար պատրաստվածության բարձրացման» և «ուժի միջոցով խաղաղության հասնելու» անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև ազատությանն ու ժողովրդավարությանը սպառնացող սպառնալիքները։

Հիլին նաև ցավակցություն է հայտնել Հեգսեթին հունվարի 29-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, երբ American Airlines ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռը բախվել են Վաշինգտոնում: