Կանադան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ին, եթե ամերիկացիները փետրվարի 1-ից մաքսատուրքեր սահմանեն կանադական բոլոր ապրանքների վրա, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրում է վերանայել նման որոշումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Ինչպես երեկ հայտարարեց նախագահ Թրամփը, նա դեռ ցանկանում է վաղվանից մաքսատուրքեր սահմանել Կանադայի վրա։ Եթե նախագահը որոշի որևէ մաքսատուրք սահմանել Կանադայի վրա, մենք պատրաստ ենք արձագանքել՝ ուժեղ, բայց ողջամիտ և օպերատիվ պատասխանով»,- ասել է Թրյուդոն՝ Տորոնտոյում՝ Կանադա-ամերիկյան հարաբերությունների խորհրդի նիստում։ Նրա ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։

Միևնույն ժամանակ, Թրյուդոն նշել է, որ «[կանադական] կառավարությունն արձագանքել է այն [ասպեկտներին], որոնց վրա կենտրոնացել է նախագահը [Թրամփը], ինչը նրան դրդել է մտածել սակագների մասին»։ Վարչապետը պնդել է, որ Կանադան, հասկանալով Թրամփի մտահոգությունները, վերջերս զգալիորեն ուժեղացրել է անվտանգությունը Միացյալ Նահանգների հետ սահմանի երկայնքով։ Նա ասել է, որ այս շաբաթ ուղղաթիռները սկսել են պարեկել սահմանը, և հատուկ ջոկատներ են տեղակայվել՝ կասեցնելու համար Կանադայից Միացյալ Նահանգներ ֆենտանիլ թմրանյութի առաքումը: Թրյուդոն ընդգծել է, որ Օտտավան չէր ցանկանա, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանի, իսկ Օտտավան ստիպված լինի արձագանքել դրանց, սակայն իր կառավարությունը «պատրաստ է ցանկացած սցենարի»:

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարել էր, որ Օտտավան պատրաստ է դադարեցնել էլեկտրաէներգիայի և էներգիակիրների մատակարարումը Միացյալ Նահանգներին, եթե Թրամփը սահմանի 25% մաքսատուրք: Կանադան իր նավթի մոտ 60%-ն արտահանում է ԱՄՆ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի 85%-ը։