Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանի իշխանություններին պարտադրել է 9-66 հազար եվրոյի տուգանք վճարել հօգուտ «Նորդ Օստ»-ի զոհերի: Հիշեցնենք, խոսքը 2002թ. Դուբրովկայի թատրոնում ահաբեկիչների կողմից «Նորդ Օստ» ներկայացման ժամանակ պատանդ վերցված մարդկանց ազատագրելու գործողությունների մասին է, որոնց ընթացքում մեծ թվով զոհեր եղան:
Դատարանը սահմանել է, որ ռուսական իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունքը): Ստրասբուրգի դատարանի գնահատմամբ` ռուսական ղեկավարությունը փրկարարական գործողությունները ծրագրել եւ իրականացրել է ոչ ճիշտ կերպով: Փրկարարների սխալ կազմակերպված գործողությունները պատանդների շրջաանում զգալի թվով վիրավորների եւ զոհերի պատճառ են դարձել, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, Դուբրովկայի թատրոնում հանդիսատեսներին պատանդ վերցնելը տեղի է ունեցել 2002թ. հոկտեմբերի 23-ին: «Նորդ Օստ» մյուզիքլի ցուցադրության ընթացքում դահլիճում 900-ից ավելի մարդ է ներկա գտնվել: 40 ահաբեկիչները պատանդներին թատրոնում պահել են երեք օր շարունակ: Հոկտեմբերի 26-ին հատուկ ծառայությունների գրոհի արդյունքում ահաբեկիչները ոչնչացվել են: Զոհվել են նաեւ 130 պատանդներ, այդ թվում` 10 երեխա:
Պատանդների մեծամասնությունը մահացել են հարձակումից հետո: Հիմնական վարկածով` նրանց մահվան պատճառ է հանդիսացել իրավապահների կիրառած թունավոր գազը, որի բանաձեւն առ այսօր գաղտնի է պահվում:
Ստրասբուրգի դատարանը տուժածների եւ զոհվածների հարազատների բողոքն ընդունել է 2007թ.:



























