Կոսովոյում ընտրատեղամասեր են բացվել խորհրդարանական ընտրությունների համար, որոնք տեղի կունենան թույլ տնտեսական աճի և էթնիկ ալբանացիների և սերբերի միջև նոր լարվածության ֆոնին, հայտնում է Euronews-ը։
Ընտրելու իրավունք ունեցող անձինք քվեարկելու են 26 քաղաքական խմբերից 120 օրենսդիրների և մեկ անկախ թեկնածուի օգտին։ Ընտրությունները համարվում են գործող վարչապետ Ալբին Կուրտիի կարևոր փորձությունը:
2008 թվականի անկախությունից ի վեր առաջին անգամ Կոսովոյի խորհրդարանն ավարտեց ամբողջական քառամյա մանդատը:
Սրանք իններորդ խորհրդարանական ընտրություններն են Կոսովոյում 1998-99 թվականներին սերբական կառավարական ուժերի և էթնիկ ալբանացի անջատականների միջև պատերազմի ավարտից հետո, որոնք ՆԱՏՕ-ի 78-օրյա օդային արշավից հետո դուրս մղեցին սերբական զորքերին:
Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, որը հռչակվել է 2008թ.-ին։
Կուրտիի ձախակողմյան «Ինքնորոշման շարժում» (Vetevendosje!) կուսակցությունը համարվում է առաջատարը, սակայն ակնկալվում է որ այն անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի հավաքի միայնակ կառավարելու համար, ինչը հնարավորություն կստեղծի միանալ երկու այլ հիմնական հավակնորդներին, եթե նա չկարողանա նախարարների կաբինետ ձևավորել: Մյուս հավակնորդների թվում են Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունը (PDK), որի նախկին առաջնորդները Հաագայում մեղադրվում են ռազմական հանցագործությունների համար, և Կոսովոյի դեմոկրատական լիգան (LDK)՝ երկրի ամենահին կուսակցությունը, որը կորցրել է իր աջակցության մեծ մասը 2006 թվականին նրա առաջնորդ Իբրահիմ Ռուգովայի մահից հետո:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցությունները խոստումներ են տվել բնակչության աշխատավարձերի և թոշակների բարձրացման, կրթության և առողջապահության բարելավման, աղքատության դեմ պայքարի վերաբերյալ։ Սակայն նրանք չեն պարզաբանել, թե որտեղից են գտնելու այդ գումարները կամ ինչպես են ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու։
Քվեարկությունից պարզ կդառնա նաև, թե ով է ղեկավարելու Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Կոսովոյի բանակցությունները, որոնց օժանդակում է Եվրամիությունը՝ նպատակ ունենալով երկու կողմերին էլ ավելի մոտեցնել դաշինքին միանալուն:





























