ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացնում է, որ պաղեստինցիների վերադարձը Գազայի հատված Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո սխալ կլինի։
«Կարծում եմ՝ մեծ սխալ է թույլ տալ պաղեստինցիներին նորից վերադառնալ Գազա: Մենք չենք ցանկանում, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա։ Ես դրա մասին մտածում եմ որպես մեծ անշարժ գույքի, ԱՄՆ-ը կտիրի դրան եւ դանդաղ կզարգացնի: Մենք կայունությունը կվերադարձնենք Մերձավոր Արեւելք»,- ասել է նա լրագրողներին Լուիզիանայի ճանապարհին, իր ինքնաթիռում:
«Գազայի հատվածը լիովին ավերվել է։ Այդ վայրը կարգի կբերվի։ Մենք հարուստ մերձավորարեւելյան երկրների հետ միասին կվերակառուցենք այն»,- ավելացրել է Թրամփը։
Փետրվարի 4-ին Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականությունը՝ այն զարգացնելու համար, ի շահ խաղաղության Մերձավոր Արեւելքում։ ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել պաղեստինցիներին անկլավից տարածաշրջանի այլ երկրներում վերաբնակեցմանը, որոնք, նրա խոսքով, կկարողանային «վճարել դրա համար»։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է զորքեր ուղարկել Գազա, եթե դա անհրաժեշտ համարվի։
Արաբական երկները, Իրանը եւ մի քանի արեւմտյան պետություններ դեմ են Թրամփի գաղափարին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ուշադրության արժանի չի համարում ԱՄՆ առաջարկները Գազայի հատվածի վերաբերյալ։





























