Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պահանջել է, որ նախարարները եւ վարչական դեպարտամենտների ղեկավարները հրաժարական տան։

«Ես պահանջել եմ նախարարների եւ վարչական դեպարտամենտների տնօրենների պաշտոնական հրաժարականները։ Նախարարների կաբինետում կլինեն որոշակի փոփոխություններ՝ ժողովրդի կողմից սահմանված ծրագրին ավելի մեծ համապատասխանության հասնելու համար»,- գրել է պետության ղեկավարը Х-ում։

Պետրոն ավելացրել է, որ իր կառավարությունն «ամբողջությամբ կենտրոնացած է լինելու ծրագրի իրականացման վրա»՝ հանուն երկրի զարգացման։

Փետրվարի 5-ին Կոլումբիայի ներքին գործերի նախարար Խուան Ֆերնանդո Քրիստոն առաջարկել է երկրի կառավարության նախարարներին հրաժարական տալ՝ առկա տարաձայնությունների պատճառով։ Ավելի վաղ երկրում կայացել է նախարարների խորհրդի նիստը, քննարկվել են նոր նշանակումները կառավարությունում. Արմանդո Բենեդետին՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի, իսկ 30-ամյա Լաուրա Սարաբիան՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Կառավարության որոշ անդամներ, այդ թվում՝ հանրապետության փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսը, դեմ են եղել նշանակումներին։ Ճգնաժամի լրացուցիչ կատալիզատորը Գուստավո Պետրոյի որոշումն էր՝ ուղիղ հեռարձակել հանդիպումը տեղի հեռուստատեսությամբ, որի ընթացքումհանրությունը տեսավ կառավարության անդամների միջեւ առկա հակասությունները։