ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել Եգիպտոսի պաշտոնակցի՝ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է կիրակի։ «Ի դեպ, ես նրանց հետ կհանդիպեմ ոչ առաջին անգամ»,- պատասխանել է Թրամփը Լուիզիանա ուղեւորության ժամանակ ինքնաթիռում գտնվող լրագրողի հարցին: ԱՄՆ նախագահը չի նշել, թե երբ եւ որտեղ կարող են կայանալ այդ հանդիպումները։
Թրամփը չի նշել, թե կոնկրետ ինչ թեմաներ է մտադիր քննարկել Եգիպտոսի նախագահի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ կկարողանա արաբական երկրների ղեկավարներին համոզել Գազայի հատվածից իրենց տարածք պաղեստինցիներին վերաբնակեցնելու անհրաժեշտության մասին։ «Ինչո՞ւ նրանք չեն համարձակվում ընդունել նրանց: Որովհետեւ նրանք ինձ հետ չեն խոսել»,- ընդգծել է Թրամփը՝ խոսելով արաբական երկրների ղեկավարների մասին։ «Երբ ինձ հետ խոսեն, նրանց կընդունեն»,- ավելացրել է նա։
ԱՄՆ նախագահը կիրակի նաեւ նշել է, որ Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո պաղեստինցիների վերադարձը Գազայի հատված սխալ կլինի, եւ ասել է, որ անկլավը «կվերակառուցվի Մերձավոր Արեւելքի հարուստ երկրների օգնությամբ»։





























