Արաբական երկրները պատրաստ են այլընտրանք տրամադրել Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին, որը նախատեսում է պաղեստինյան անկլավի վերականգնում առանց բնակչության տեղահանման։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքի մեկնաբանությունում հայտնել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին։

«Մենք աշխատում ենք արաբական ծրագրի վրա, որը հիմնված է Գազայի վերականգնման վրա՝ առանց նրա բնակչության տեղահանման»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ արաբական երկրները «կարող են այլընտրանք ներկայացնել Թրամփի ծրագրին եւ վերջ դնել Գազայի հատվածում հումանիտար աղետին»։ Աս-Սաֆադին տեղեկացրել է, որ հորդանանյան կողմը Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ ԱՄՆ առաջնորդին ներկայացրել է «իր դիրքորոշումը՝ ուղղված արդար եւ համապարփակ խաղաղության հասնելուն, այլ ոչ թե պաղեստինցիներին վտարելուն»:

Փետրվարի 11-ին Հորդանանի թագավոր Աբդալահ Երկրորդը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ եւ հաստատել թագավորության շարունակական դիրքորոշումը Գազայում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների տեղահանման դեմ:

Փետրվարի 4-ին Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականությունը՝ այն զարգացնելու համար, ի շահ խաղաղության Մերձավոր Արեւելքում։ Նա հանդես է եկել պաղեստինցիներին անկլավից տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու օգտին, որոնք, նրա խոսքով, կկարողանային «վճարել դրա համար»: