«Գրավիր» շարժման մասնակիցները ամերիկյան Դենվեր քաղաքում սեփական ձեռքերով այրել են քաղաքի կենտրոնում գտնվող իրենց վրանային ճամբարը: Այդ մասին հաղորդել է Կոլորադո նահանգի ոստիկանության ներկայացուցիչը:

Հրկիզումը կատարվել է դեկտեմբերի 20-ի գիշերը` ճամբարը վերացնելու ոստիկանական գործողությունների ընթացքում: Իրավապահներին դիմադրել են շուրջ 50 «ֆինանսական ահաբեկչության հակառակորդներ»:

Հրշեջները հանգցրել են կրակը, ինչից հետո ոստիկանությունն ավարտել է ճամբարի կազմաքանդումը: Հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ինը մարդ ձերբակալվել է, տեղեկացնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկացմամբ` Դենվերի վրանային ավանը ԱՄՆ խոշոր քաղաքների վերջին հակակապիտալիստական ճամբարներից էր: Ավելի վաղ ոստիկանությունը վերացրել էր Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի ճամբարները:

Հիշեցնենք, «Գրավիր Ուոլ սթրիթը» ընդհանուր անվանումով բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում: Այդ օրվանից համանման ցույցեր էին սկսվել ԱՄՆ բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում` Լոս Անջելեսում, Մայամիում եւ Վաշինգթոնում:

Մասնակիցները բողոքում են գործազրկության, ֆինանսական ինստիտուտների եւ իշխանությունների քաղաքականության դեմ` այն անվանելով «ֆինանսական ահաբեկչություն», ինչպես նաեւ հասարակության նվազագույն մասը կազմող բնակչության հարուստ խավի դեմ: