ԱՄՆ-ում 32 տարվա բանտային կալանքի է դատապարտվել 37-ամյա ռասիստ Քեւին Ուիլյամ Հարփհեմը, որը փորձել է պայթյուն կազմակերպել միջռասայական հավասարության պայքարի մարտիկ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում:
Հետաքննության տվյալներով` Հարփհեմը մկնդեղով հագեցած ռումբը մտադիր է եղել պայթեցնել այս տարվա հունվարի 17-ին Սպոկանում տեղի ունեցած քայլերթի ընթացքում: Պայթյունի հետեւանքով միջոցառումների 1,5 հազար մասնակիցների շրջանում բազմաթիվ զոհեր կլինեին: Պայուսակում գտնվող ռումբը դրված է եղել նստարանի տակ: Այն պատահաբար գտել են երեք բանվորներ եւ այդ մասին հայտնել ոստիկանությանը:
Հարփհեմը սերտ կապեր է ունեցել սպիտակ ռասայի գերազանցությունը քարոզող կազմակերպության հետ, սակայն ահաբեկչությունը միայնակ է նախապատրաստել: Նա ռումբը դրել է, որպեսզի «գործով ցույց տա իր ռասիստական համոզմունքները», հայտնում է Reuters-ը:




























