Հոնկոնգում մտադիր են 17 հազար հավ մորթել, քանի որ լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ անցած շաբաթ ընտանի երեք թռչուններ սատկել են  «թռչնի գրիպի» H5N1 վարակից: Վարակը հայտնաբերվել է նաեւ երկու  վայրի սատկած թռչունների օրգանիզմում:

Թռչնագրիպի համաճարակ սկսելու վտանգի մակարդակը բարձր է: Երեք շաբաթով արգելվել է կենդանի հավերի վաճառքն ու ներկրումը:

Իշխանությունները կարծում են, որ վարակի աղբյուրը սառեցված հավերից մեկն է եղել, սակայն այդպես էլ չի հաջողվել պարզել`տվյալ հավը տեղական թռչնանոցներում է բուծվել, թե՞ արտերկրից է ներկրվել:

Դեկտեմբերի 20-ին դպրոցներից մեկի տարածքում սատկած կաչաղակ է գտնվել: Թռչունը թռչնավարակի առկայության հետազոտություն է անցել, արդյունքը դրական է եղել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ եւս մեկ դպրոց էր փակվել մի քանի օրով` վարակազերծման նպատակով, երբ բակում սատկած ճայ էր գտնվել, որը նույնպես H5N1 վարակակիր է եղել: