Թայվանի իշխանությունները մտադիր են առաջիկա տարիներին կղզու բնակիչների կյանքի միջին տեւողությունը ավելացնել գրեթե երեք տարով՝ 79-ից 82-ի։ Այս մասին հայտնել է կառավարության նախագահ Չժո Ժունթայը՝ ելույթ ունենալով Թայբեյում Առողջ ծերացման ֆորումում։
Նա ավելացրել է, որ նախատեսվում է նաեւ կրճատել «կյանքի անառողջ միջին շրջանը»՝ 10 տոկոսից հասցնելով 8-ի, այսինքն՝ 8-ից մոտ 6,5 տարվա։ «Չնայած Թայվանում կյանքի միջին տեւողությունը մոտ 80 տարի է, թայվանցիները միջինը ութ տարի են անցկացնում վատառողջության մեջ, ինչը նշանակում է, որ միջին թայվանցին կյանքի մոտ 10 տոկոսն անցկացնում է անառողջ, անկողնուն գամված կամ խնամքի կարիք ունեցող»,- Taipei Times թերթը մեջբերել է նրա խոսքերը:
Չժո Ժունթայը նշել է, որ կյանքի տեւողությունն ավելացնելու եւ «անառողջ շրջանը» կրճատելու ծրագրեր իրականացնելու համար կղզու իշխանությունները պետք է կտրուկ մեծացնեն բժշկական ծախսերը։ Բացի այդ, պետք է մշակվեն բժշկական ծառայությունների երկարաժամկետ ծրագրեր, «որպեսզի թայվանցիները կարողանան ավելի առողջ եւ երջանիկ կյանքով ապրել տարեց հասակում»:
Նախատեսվող միջոցների թվում է «888 ծրագիրը», որի նպատակն է դիտարկել «երեք հիպեր» (հիպերլիպիդեմիա, հիպերգլիկեմիա եւ հիպերտոնիա) ունեցող հիվանդների 80 տոկոսին՝ նման հիվանդների վիճակը մշտական հսկողության տակ պահելու համար։ Նախատեսվում է նաեւ ստեղծել 10 մլրդ թայվանական դոլարի (ավելի քան 300 մլն դոլար) հիմնադրամ՝ քաղցկեղի բուժման նոր ժամանակակից դեղամիջոցների ձեռքբերման համար։




























