Հայաստանում քրոմիտների (Cr¬2O3) պաշարները 561 հազ. տոննա են գնահատվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը կից բնական պաշարների գործակալության տնօրեն Խաչիկ Սապոնջյանը: Նրա խոսքով` Հայաստանում A, B եւ C1 կատեգորիաների պաշարները գնահատվում են 18,8 հազ. տոննա:  Ենթադրվող պաշարները (C2 կատեգորիայի)  կազմում են 542,3 հազ. տոննա:

Նշենք, որ ներկայումս «Գեգամետ- պլյուս» ՓԲ ընկերությունը  շահագործում է Գեղարքունիքի մարզի Շորժայի դունիտների եւ մագնեզիալ-սիլիկատային ապարների հանքավայրը:

Հանքավայրում կան նաեւ քրոմի պաշարներ, որոնցից ընկերությունը պատրաստվում է ֆեռոքրոմ արտադրել Վանաձորի  քիմկոմբինատի տարածքում: Աշխատանքների համար կոմբինատը ձեռք է բերել կարբիդային արտադրամաս` արդյունաբերական վառարանով:

Բացի այդ, դարձյալ Գեղարքունիքի մարզի Ջիլի հանքավայրում քրոմիտների պաշարների հետազոտում  է իրականացնում «Լուլիար» ՍՊ ընկերությունը,  որը պատկանում է  ձեռնարկատեր Սիլվա Համաբարձումյանին: