Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

 «Ինձ շատ ոգևորեցին Ուկրաինայի մասին մեր խոսակցությունները»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Լամմին: «Մենք բոլորս ունենք այս սարսափելի պատերազմին վերջ տալու ցանկությունը։ Համաձայն ենք այն տեսակետին, որ պետք է լինի տևական խաղաղություն… և համաձայնություն է եղել, որ Զելենսկին և ուկրաինացիները պետք է մասնակցեն գործարքի շուրջ բանակցություններին»,- շեշտել է նախարարը:

Լամմին նաև նախընտրել է մեծ նշանակություն չտալ  չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին, որից հետո Թրամփը հայտարարել էր, թե խաղաղ բանակցություններն անհապաղ սկսվում են: Դրա մասին հայտնել է BBC-ն։

«Դա ուղղակի խոսակցություն է։ Մենք դեռ շատ հեռու ենք խաղաղությունից»,- ասել է բրիտանացի նախարարը։