ԱՄՆ արդարադատության նախարարությունը աշխատանքից ազատել է ներգաղթի հարցերով մի քանի դատավորների, հայտնում է NBC News-ը։

Պայմանագրի խզումը կատարել է Արդարադատության նախարարության Ներգաղթի վերահսկման գործադիր վարչության տնօրենի պաշտոնակատարը, որը վերահսկողություն է իրականացնում ներգաղթի հարցով դատավորների նկատմամբ։

Ներգաղթի հարցով դատավորներին ներկայացնող արհմիությունը հայտարարել է, որ ավելի քան երկու տասնյակ դատավորներ, մենեջերներ և նոր աշխատակիցներ են ազատվել աշխատանքից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման սկզբից:

Արհմիության՝ Պրոֆեսիոնալ և տեխնիկական ինժեներների միջազգային ֆեդերացիայի (IFPTE) տվյալներով, միջին օղակի ներգաղթի հարցերով գլխավոր դատավորի հինգ օգնական և նոր դատավորի պաշտոնների համար 13 թեկնածու ուրբաթ օրը աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։

«Դուք այժմ ունեք նախագահ, որը մի կողմից պաշտպանում էր ներգաղթը և մարդկանց երկրից արտաքսումը: Մյուս կողմից, նա փաստացի ազատում է հենց այն դատավորներին, որոնք պետք է քննեն այս գործերը և որոշումներ կայացնեն։ Այնպես որ, սա անիմաստ է։ Սա տարակուսանք է հարուցում», - ասել է IFPTE-ի նախագահ Մեթ Բիգսը:

Թրամփի երդմնակալության պահից վարչակազմը աշխատանքից ազատել է Ներգաղթի վերահսկողության վարչության առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյայի, ինչպես նաև հինգերորդ ավագ մենեջերին, հայտնել է արհմիությունը: Վերջերս ներգաղթի հարցերով դատավոր նշանակված Քերի Դոյլը LinkedIn-ում տեղեկացրել է, որ ինքը և նախկին նախագահ Ջո Բայդենի մյուս նշանակած այլ անձինք ուրբաթ օրը էլեկտրոնային նամակներ են ստացել՝ իրենց աշխատանքից ազատելու մասին:

Դոյլը Բայդենի վարչակազմի օրոք զբաղեցնում էր Ներքին անվտանգության նախարարության գլխավոր իրավական խորհրդականի տեղակալի պաշտոնը: «Այս ազատումը տեղի ունեցավ, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս ներգաղթի դատարանում մոտ 3,5 միլիոն անավարտ գործեր են մնացել, և Արդարադատության նախարարությունը Կոնգրեսից ավելի շատ գումար է խնդրում EOIR-ում ավելի շատ մարդկանց վարձելու համար»,- նշել է Դոյլը LinkedIn-ում հայտարարության մեջ՝ նկատի ունենալով  Immigration Review գործադիր գրասենյակը։

Դոյլը հայտարարել է, որ «աշխատանքից հեռացումը քաղաքական է եղել»՝ նշելով, որ ինքը և իր գործընկերները, որոնք հեռացվել են աշխատանքից, աշխատանքի են ընդունվել Բայդենի վարչակազմի օրոք։