Ծիծաղի նոր թանգարանն առաջարկում է մարդկանց անցնել  «պտուտանի» միջով, որպեսզի մաքրի ժամանակակից կյանքի բացասական ազդեցությունը, հայտնում է AFP-ն։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի HaHaHouse թանգարանի այցելուները ներս մտնելիս անմիջապես հայտնվում են սպիտակ ծխի ամպի մեջ, որպեսզի ցրեն  իրենց տագնապները, նախքան «հսկայական լվացքի մեքենայի» մեջ մտնելը: Այնուհետև «կյանքի ցենտրիֆուգը» նրանց ոլորուն խողովակով իջեցնում է փոքրիկ սպիտակ գնդիկներով լցված լողավազանի մեջ, որտեղից սկսվում է նրանց ճանապարհորդությունը առավել երջանիկ վայր:

Դրա ստեղծող Անդրեա Գոլուբիչը պատմել է, որ թանգարանի ստեղծման գաղափարն իր մոտ ծագել է համավարակի ժամանակ, երբ շատերն իրենց ընկճված և մեկուսացված էին զգում:

Գոլուբիչն ասել է, որ թանգարանը բացելու համար իրեն ոգեշնչել է իր լուսանկարը, որտեղ ինքը ծիծաղող  առաջին դասարանցի աղջնակ է: Այցելուները ութ ինտերակտիվ գոտի ունեցող թանգարան մտնելուն պես սեղմում են կոճակը, որպեսզի «ախտահանվեն բացասականից»։

Գոտիներից մեկում ռետինե հավերի երգչախումբ կա, որոնք ուրախ երգում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են ABBA-ի «Dancing Queen»-ը, կան աղավաղվող ձայներով կարաոկե դահլիճ և «Սումոյի ասպարեզ»՝ փարթամ հագուստներով ըմբշամարտի համար:

Այստեղ նաև ներկայացված է հումորի լուրջ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Թանգարանը պատմում է նաև հումորի ոճերի մասին՝ սկսած բառախաղերից, ֆարսից, զուգարանային և սև հումորից մինչև երգիծանք: