Ապաստան հայցող սիրիացին, որը կասկածվում է Ավստրիայի Ֆիլախ քաղաքում դանակահարությամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ, հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը» և արմատականացել Համացանցում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իշխանություններին։

Ոստիկանության տվյալներով, շաբաթ օրը կեսօրին Ֆիլախի կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 14-ամյա տղա, ևս հինգ մարդ վիրավորվել է, նրանցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները Ֆիլախում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 23-ամյա սիրիացին, որը ձերբակալվել է ոստիկանություն առաջին զանգից 7 րոպե անց, շտապ արմատականացել է համացանցում, և որ նրա բնակարանում հայտնաբերվել է «Իսլամական պետության» (ԻՊ) դրոշը։

Կարները հայտարարել է նաև, որ իշխանությունները պետք է ավելի շատ լիազորություններ ունենան ապաստան հայցողներին ստուգելու համար, և որ « առանց պատճառի զանգվածային ստուգումներ» պետք է իրականացվեն ավելի մեծ թվով շրջաններում, քանի որ կասկածյալն իշխանությունների ուշադրությունը չէր գրավել:

Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության և սպանության փորձի մեջ մեղադրվող տղամարդը տեսանկարահանել է իրեն՝ հավատարմության երդում տալով ԻՊ-ին: Իշխանությունների հայտարարության համաձայն,  ավելի մեծ վնաս կհասցվեր, եթե չլիներ մյուս սիրիացին՝ սննդի առաքիչը, որը տեսնելով հարձակվողին՝ նրա վրա է քշել իր մեքենան, որպեսզի կանգնեցնի նրան։ Ֆիլախում արյունահեղությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգոստոսին բացահայտվեց դեռահաս մահապարտի դավադրությունը, որը նույնպես հավատարմության երդում էր տվել ԻՊ-ին՝ Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ: