Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է մեծ բեռնատարների երթեւեկությունը։ Այս մասին տեղեկացրել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաեւ հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկները, ծանր մեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ քաղաքի եւ Լարս բնակավայրի միջեւ՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ, արգելվել է 2025թ. փետրվարի 16-ի ժամը 23։00-ից մինչեւ մինչեւ հատուկ կարգադրություն»,- նշվել է հաղորդագրությունում։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից գլխավոր կովկասյան լեռնաշղթայով տանում է Թբիլիսի՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի եւ Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։