Քաղաքացիական ինքնաթիռներին զգուշացվել է խուսափել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև Թասմանյան ծովի օդային տարածքից, երբ չինական ռազմանավերը այնտեղ մարտական զենքով վարժանքներ են անցկացրել:
Արդյունքում առնվազն երեք առևտրային չվերթ փոխել է ուղղությունը։
Ավստրալիայի Airservices Australia-ի կարգավորիչը քաղաքացիական ավիացիայի օդաչուներին նախազգուշացրել է օդային տարածքում հնարավոր վտանգների մասին, իսկ Նոր Զելանդիայի ազգային ավիափոխադրող Air New Zealand-ը հայտարարել է, որ «վերափոխել է թռիչքները՝ նշված տարածքից խուսափելու համար»:
Նախազգուշացումից հետո Ավստրալիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ վստահ չեն, թե արդյոք ծովում մարտական հրաձգություն է անցկացվել, հաղորդում է Euronews-ը: Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ վտանգն արդեն անցել է։
«Ավստրալիայի կամ Նոր Զելանդիայի օբյեկտներին անմիջական վտանգ չի սպառնում», - ասել է նա լրագրողներին:
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ռազմանավերը և P-8 Poseidon հետախուզական ինքնաթիռները մի քանի օր շարունակ հսկում են չինական երեք ռազմանավ՝ Hengyang հետախուզանավը, Zunyi հածանավը և Weishanhu նավը:
Չինական նավատորմի տեղակայումը Թասմանյան ծովում դիտվում է որպես նրա աճող չափերի և հնարավորությունների ցուցադրություն, սակայն նավերը հազվադեպ են այդքան հեռու նավարկում դեպի հարավ:
Էնթոնի Ալբանեզեն նշել է, որ չինական զորավարժությունները օրինական են և անցկացվել են Ավստրալիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս գտնվող միջազգային ջրերում:
Երկրի արտգործնախարար Փենի Վոնգը ABC հեռուստաալիքին հայտնել է, որ չինական նավերի առկայությունը Ավստրալիայի ջրերում զարգացող իրավիճակ է, և որ ինքը «դա կքննարկի չինացիների հետ»։
«Պաշտոնական մակարդակով մենք արդեն քննարկել ենք այդ զորավարժությունների, հատկապես մարտական հրաձգության վարժանքների իրազեկման և թափանցիկության հարցը»,- հավելել է նա։





























