Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, թե չի տեսնում, որ Ռուսաստանը խաղաղության է ձգտում Ուկրաինայի հետ: Դրա մասին նա Reuters-ին ասել է Յոհանեսբուրգում G20-ի արտգործնախարարների փակ հանդիպումից հետո, որտեղ ելույթ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք անգամ չենք մոտեցել բանակցային կարգավորմանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բրիտանիան կաջակցի Ուկրաինա խաղաղապահների տեղակայմանը ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների բացակայության դեպքում, հաղորդում է BBC-ն։

«Պետք է ասեմ, որ երբ լսում եմ ռուսներին և այն, ինչ Լավրովը քիչ առաջ ասաց դահլիճում, իրականում դրա մեջ խաղաղության հասնելու ցանկություն չեմ տեսնում», - հավելել է Լամմին։

Ըստ նրա՝ այժմ կրիտիկական պահ է, և եվրոպական երկրները պետք է ավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը: Նա միաժամանակ կրկնել է Մեծ Բրիտանիայի նպատակը՝ ՀՆԱ-ի 2,5%-ը ծախսել պաշտպանության վրա և շարունակել աջակցել Ուկրաինային։

«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ տրամադրելուն այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։