Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինան վերականգնելու համար Եվրոպայում սառեցված 300 միլիարդ դոլարի ինքնիշխան ակտիվներն օգտագործելուն, սակայն կպնդի, որ գումարի մի մասը ծախսվի Մոսկվայի կողմից վերահսկվող երկրի մեկ հինգերորդի վրա, Reuters-ին հայտնել են երեք աղբյուրներ:
2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն արգելեցին գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության հետ՝ սառեցնելով 300-350 միլիարդ դոլարի ռուսական ինքնիշխան ակտիվները՝ հիմնականում եվրոպական, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պետական պարտատոմսերը:
Այժմ Մոսկվան առաջ է քաշում մի գաղափար, ըստ որի Ռուսաստանը կառաջարկի օգտագործել սառեցված պաշարների մեծ մասը՝ Ուկրաինան վերականգնելու համար՝ որպես հնարավոր խաղաղ համաձայնագրի մաս:
Մեկ տարի առաջ Համաշխարհային բանկը գնահատում էր, որ Ուկրաինայի վերակառուցումը 486 միլիարդ դոլար կարժենա:
Գաղափարը, որ Ռուսաստանը կհամաձայնի օգտագործել սառեցված գումարները՝ օգնելու համար Ուկրաինան վերականգնելուն, նախկինում չի հաղորդվել և կարող է հուշել, թե Ռուսաստանն ինչ փոխզիջումների է պատրաստ դիմել, քանի որ Մոսկվան և Վաշինգտոնը ձգտում են վերջ տալ պատերազմին, այն պարագայում, երբ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը հասանելի լինի ուկրաինական օգտակար հանածոներին:
Ռազմական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանի հիմնական պահանջները ներառում են Կիևի զորքերի դուրսբերումն ուկրաինական տարածքից, որին Մոսկվան հավակնում է, և դադարեցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հավակնությունները: Ուկրաինան հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է լքի իր տարածքը և անվտանգության երաշխիքներ է ուզում Արևմուտքից։ Թրամփի վարչակազմն էլ հայտարարում է, որ Ուկրաինայի նպատակներն անիրատեսական են։





























