Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը ցանկանում է միջուկային անվտանգության շուրջ բանակցություններ վարել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, հայտնում է ZDF-ը։
ԱՄՆ նոր վարչակազմի՝ Եվրոպային աջակցությունը դադարեցնելու սպառնալիքից հետո Մերցը կոչ է արել միջուկային անվտանգության շուրջ բանակցություններ վարել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ:
«Պետք է պատրաստվենք նրան, որ Դոնալդ Թրամփն այլևս ամբողջությամբ չի ընդունի ՆԱՏՕ-ի օգնության խոստումները»,- նշել է նա։
Ուստի եվրոպացիներն իրենց մայրցամաքը պաշտպանելու ուղղությամբ պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն, պարզաբանել է նա։
«Մենք պետք է միմյանց հետ քննարկենք, թե դա ինչ տեսք կարող է ունենալ»,- հավելել է Մերցը՝ նկատի ունենալով, այսպես կոչված, միջուկային փոխանակումը։ Ներկայում Գերմանիան նման հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ։ Դա նշանակում է, որ պատերազմի դեպքում գերմանական ինքնաթիռներն ամերիկյան ատոմային ռումբեր կհասցնեն իրենց թիրախներին։
Ըստ Մերցի՝ Ֆրանսիայի կառավարությունը Գերմանիայի կառավարությանը բազմիցս առաջարկել է քննարկել ադ հարցը։ Սակայն Գերմանիայի կառավարությունը դրան չի արձագանքել։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան զգալիորեն ավելի քիչ միջուկային զենք ունեն, քան ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Ֆրանսիան համագործակցության էր ձգտում նաև տնտեսական նկատառումներով, քանի որ միջուկային ծրագրերը շատ թանկ արժեն։





























