Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպել է հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ Յոհանեսբուրգում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում, հայտնել է «Սինհուան»։

Վան Ին հիշեցրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հաջող հանդիպումը Կազանում 2024թ.։ Նրա խոսքով՝ հանդիպումը երկկողմ հարաբերությունների բարելավման եւ զարգացման ընդհանուր ուղղություն է սահմանել, որի ընթացքում կողմերը ընդհանուր համաձայնության են եկել, որ Չինաստանը եւ Հնդկաստանը, որպես երկու հնագույն քաղաքակրթություններ եւ հարեւան երկրներ, պետք է վստահեն, աջակցեն եւ օգնեն միմյանց հաջողության հասնելու համար

Բոլոր մակարդակներում միջպետական ​​փոխանակումները վերսկսվել են բնականոն հունով, եւ սահմանային հարցում երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կոնսենսուսի են հասել կոնկրետ տարաձայնությունների պատշաճ լուծման շուրջ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա նշել է, որ փոխադարձ վստահության վերականգնումը եւ ընդհանուր շահի համար համագործակցության հասնելը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների ընդհանուր ակնկալիքներին։ Կողմերը պետք է առաջնորդվեն երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կոնսենսուսով եւ երաշխավորեն, որ երկկողմ հարաբերությունները ճիշտ ճանապարհով ընթանան, ասել է Վան Ին։

Չինաստանը պատրաստ է աշխատել Հնդկաստանի հետ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ պլանավորման համար՝ երկկողմ կապերի զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով, ավելացրել է չինացի դիվանագետը։

Ջայշանկարն իր հերթին հայտնել է, որ Կազանում Մոդիի եւ Սի Ծինփինի հանդիպումը կարեւոր ուղենիշ է Հնդկաստան-Չինաստան հարաբերությունների վերականգնման համար, ինչը հանգեցրել է տարբեր ոլորտներում միջպետական ​​փոխանակումների աստիճանական վերսկսման եւ ակնհայտ արդյունքների։

Նշելով, որ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ փոխադարձ վստահության սահմանումը ծառայում է երկու կողմերի շահերին, Ջայշանկարը հայտնել է, որ Հնդկաստանը գնահատում է երկկողմ հարաբերությունների բարելավման դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները եւ պատրաստ է աշխատել Չինաստանի հետ՝ արագացնելու համագործակցության մեխանիզմը, ամրապնդելու մշակութային եւ հումանիտար փոխանակումները, դյուրացնելու միջսահմանային կապերը եւ համատեղ պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը սահմանամերձ շրջաններում։

Քանի որ ինչպես Հնդկաստանը, այնպես էլ Չինաստանը G20-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԲՐԻԿՍ-ի անդամներ են, երկու երկրների համար հատկապես կարեւոր է ամրապնդել միջազգային կապը: Այս առումով Հնդկաստանը պատրաստ է ամրապնդել հաղորդակցությունն ու համակարգումը Չինաստանի հետ, հավաստիացրել է Ջայշանկարը։