Միացյալ Նահանգներն առաջարկել է պարզ, պատմական բանաձեւ ՄԱԿ-ում, եւ անդամ պետություններին կոչ ենք անում պաշտպանել այն, որպեսզի նշենք խաղաղության ճանապարհը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, բայց մանրամասն չի մեկնաբանել առաջարկվող բանաձեւի բովանդակությունը, նշել է AFP-ն։  

Այսօր ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ին կառաջարկի իր բանաձեւի նախագիծը, որը կհամընկնի Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցի հետ: Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթը բաղկացած է երեք պարբերությունից.

Դրանցում ցավ է հայտնվում «ռուս-ուկրաինական հակամարտության» ընթացքում մարդկային զոհերի համար եւ հաստատվում է, որ «ՄԱԿ հիմնական նպատակը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումն է եւ վեճերի խաղաղ լուծումը», հայտնել է BBC-ն։

Դրանից առաջ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը հրաժարվել էր դառնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձեւի նախագծի հեղինակներից մեկը Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցին։ Փաստաթուղթն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ դատապարտում է ռուսական ագրեսիան։