Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը հայտարարություն է տարածել «Թշնամիների ռազմավարական սպառնալիքին պատասխանելու ենք ռազմավարական միջոցներով» վերնագրով։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ եւ նրա արբանյակների ռազմական սադրանքները ուժեղանում են՝ սպառնալով Հյուսիսային Կորեայի անվտանգությանը։
ԱՄՆ ռազմական գործողությունները, որոնք ցուցադրական բնույթ են կրում, ակնհայտորեն ցույց են տալիս ԱՄՆ ներկա վարչակազմի անփոփոխ հեգեմոն նկրտումները։
ԱՄՆ սադրիչ ռազմական գործողությունները մեր երկրի շուրջ այս տարի ոչ ավելի, քան 2 ամսում հստակ պատասխան են այն բանին, թե որն է իրական սպառնալիքի աղբյուրը, սպառնալիք, որն ուժեղացնում է մտահոգությունները համաշխարհային խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ։
ԱՄՆ բնորոշ մեծամտությունը, ԱՄՆ երկակի ստանդարտների լկտի ու ավազակային տրամաբանությունը մեզ համար ոչ մի կերպ ընդունելի չեն։
Մեր միջուկային զինված ուժերը տարածաշրջանում պետական ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության միջոցներ են, եւ դրանց հզորացումը իրական պահանջ է ԱՄՆ եւ նրա արբանյակների ռազմական սպառնալիքներին արձագանքելու համար:
Հյուսիսային Կորեան կպատասխանի ԱՄՆ եւ այլ հակառակորդների ռազմավարական սպառնալիքներին սեփական ռազմավարական միջոցներով եւ կշարունակի պատասխանատու ռազմական գործողությունները՝ ուղղված Կորեական թերակղզում անվտանգության անկայուն իրավիճակը հզոր զսպող ուժերով վերահսկելուն»,- նշվել է հայտարարությունում։





























