Իրաքի մայրաքաղաք Բաղդադում դեկտեմբերի 22-ի առավոտյան, երեք պայթյուն է որոտացել, որոնք խլել են առնվազն 4 մարդու կյանք, ավելի քան 20-ը վնասվածքներ են ստացել:

Ոստիկանության փոխանցմամբ, պայթել են երկու ճանապարհային ֆուգասներ եւ ականապատված մի մեքենա:

Ահաբեկչությունները Բաղդադում տեղի են ունեցել քաղաքական իրավիճակի վատացման ֆոնին, որ կապում են ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ, հաղորդում է Reuters-ը:

Նշենք, որ Իրաքի իշխանությունները նախօրեին ձերբակալման որոշում էին կայացրել փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիի նկատմամբ, ով սուննի մահմեդական է: Սուննիների «Ալ-Իրաքիա» դաշինքը աջակցել է փոխնախագահին: Նրանք բոյկոտում են կառավարության նիստերը` վարչապետ Նուրի ալ-Մալիքիին մեղադրելով իշխանության յուրացման մեջ:

Շիաների եւ սուննիների հարաբերությունները Իրաքում չափազանց վատ են եղել: Նրանք բազմաթիվ ահաբեկչություններ են իրականացրել իրար դեմ: