Հայաստանը 2011 թվականը կփակի 4 տոկոս տնտեսական անկումով, մինչդեռ կառավարությունը կներկայացնի 4 տոկոս աճ: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում նման կանխատեսում է արել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Վերջինիս խոսքով, աշխարհը 2011 թվականը կփակի 4,2-ից 4,7 տոկոս տնտեսական աճով, իսկ սղաճը կլինի 4,5 տոկոսի սահմաններում: «Եվրոյի գոտին տարին կփակի 0,7-0,8 տոկոս աճով, 2 տոկոս սղաճով, Միացյալ նահանգները` 1-1,5 տոկոս աճով, Ռուսաստանը 4 տոկոս տնտեսական աճով, 8 տոկոս սղաճով: Հայաստանը տարին կփակի 4 տոկոս անկումով, սակայն կառավարությունը ցույց կտա 4 տոկոս աճ: Գնաճը 11 ամսում եղել է 7,9 տոկոս, մինչդեռ ըստ բյուջեի նախատեսված էր 4 տոկոս»,- նշել է Բագրատյանը եւ հավելել. «Ընդ որում, աղքատների համար գնաճը եղել է 12 տոկոս: Եթե բնակչության 82 տոկոսը միջոցները ծախսում է միայն ուտելիքի եւ կոմունալ վճարումների համար, գնաճը հաշվարկվում է այդկերպ»:
Նախկին վարչապետը նշել է, որ 2011 թվականի ընթացքում կառավարությունը լուրջ բացթողումներ է արել: «Փոխարժեքի կուրսը համեմատաբար տարան, այնքան խելք չունեին, որ տրանսֆերները ստերիլիզացնեն: Չի կարելի դրսից եկած տրանսֆերները ծախսել տնտեսության մեջ, օգնությունը դառնում է պրոբլեմ»,- ասել է նա:
Բագրատյանը անցնող տարվա ընթացքում չի հիշում հայրենի կառավարության կողմից իրականացված եւ ոչ մի արդյունավետ քայլ: «Այս տարի դեռ չեն ընդունել իմ առաջարկներից եւ ոչ մեկը»,- հեգնեց նա:




























