Ռազմավիրական ճանապարհի հատվածում երթեւեկությունը դադարեցված է տրանսպորտի բոլոր տեսակների համար՝ Վրաստանում վատ եղանակի պատճառով, հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ անցման անհնարինության պատճառով փետրվարի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:20-ից արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս բնակավայր՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։
Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության կառավարման կենտրոնի տվյալներով՝ Վերին Լարսի անցակետով երթեւեկելու էլեկտրոնային հերթում այս պահին գրանցված է 3 388 բեռնատար։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վրաստանում եղանակային պայմանների բարելավման պատճառով չորեքշաբթի օրը ժամը 16:45-ին ճանապարհը բացվել է տրանսպորտի բոլոր տեսակների համար, սակայն 4 ժամ անց այն կրկին փակվել է ծանր բեռնատարների համար։
Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Վրաստանի եւ Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։





























