Եվրոպական երկրները քննարկում են Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ եվրոպական վերազինման բանկի եւ պաշտպանության համաեվրոպական ֆինանսավորման հիմնադրամի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։ Նրա տեղեկացմամբ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում հավաքված եվրոպական երկրների ֆինանսների նախարարները քննարկում են Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ վերազինման բանկի կամ ընդհանուր հիմնադրամի ստեղծման հարցը։ «Իրադարձությունները զարգանում են սրընթաց»,- թերթը մեջբերել է պաշտոնյաներից մեկի խոսքերը։
Առաջարկներից մեկը վերազինման բանկ ստեղծելն է։ Այն պետք է ստեղծվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի օրինակով։ Վերազինման բանկը կարող է վարկեր տրամադրել ռազմական տեխնիկա գնելու, ինչպես նաեւ պաշտպանական ոլորտում արդյունաբերական նախագծերի համար՝ ինչպես մասնավոր հատվածին, այնպես էլ կառավարություններին։ Պարբերականը նշել է, որ Լեհաստանը, որը ներկայում նախագահում է ԵՄ-ում, աջակցել է այս առաջարկին։
FT-ն գրել է, որ քննարկվում է նաեւ Միացյալ Թագավորության եւ ԵՄ մասնակցությամբ միասնական հիմնադրամի ստեղծումը։ Նման հիմնադրամի սահմանափակ մասշտաբը կարող է թույլ տալ, որ այն ստեղծվի ավելի արագ, քան բանկը, նշել են վերլուծաբանները: Վարչական տեսանկյունից սա ավելի հեշտ է։





























