Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ի պատասխան ԱՄՆ-ի՝ Եվրամիության ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման, ասել է, որ ԵՄ-ն ստեղծված չէ Միացյալ Նահանգների առավելություններից օգտվելու համար։

«Եվրամիությունը չի ստեղծվել որևէ մեկի շահերից օգտվելու համար։ Ճիշտ հակառակը։ Այն ստեղծվել է մեր երկրների միջև խաղաղությունը, հարգանքը պահպանելու, ազատ և արդար առևտուր ստեղծելու և մեր անդրատլանտյան բարեկամությունն ամրապնդելու համար։ Ամեն ինչ պարզ է»,- գրել է Տուսկն X-ում։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում իր կաբինետի առաջին նիստում հայտարարեց, որ ԵՄ-ից ապրանքների համար մաքսատուրքեր մտցնելու որոշումն արդեն կայացվել է և շուտով կհայտարարվի, որ դրանք կհասնեն 25%-ի և կանդրադառնան ոչ միայն մեքենաներին, այլև «ամեն ինչին»։ Միաժամանակ, Թրամփը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ստեղծվել է ԱՄՆ-ն իր շահերի համար օգտագործելու համար։