Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինադադարի առաջին փուլը «ավարտված է», և որ Իսրայելը ձգտում է Գազայից ավելի շատ պատանդների վերադարձնել, հաղորդում է Times of Israel-ը:

«Մենք ողջ-ողջ հետ ենք բերել 25 պատանդի, նրանց թվում՝ կին զինվորների։ Նախորդ բանակցություններում նման բան չկար, որտեղ խոսվում էր 10 կամ 12 թվերի մասին։ Մենք մտադիր ենք բոլորին հետ բերել», - ասել է նա տարածաշրջանային խորհուրդների ղեկավարների համաժողովում:

Ըստ Կացի՝ «դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցն այն է, որ ՀԱՄԱՍ-ն իմանա, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է վերադառնալ պատերազմի: Դա ճիշտ է»:

Նա նշել է, որ Իսրայելը զինամթերքի պակասի կամ զինվորների հոգնածության պատճառով չէ, որ համաձայնել է Գազայում հրադադարի հաստատմանը։

«Մենք համաձայնեցինք հրադադարի միայն մեկ պատճառով՝ վերադարձնել պատանդներին՝ ողջ և մահացած։ Սա մեր առաջնահերթությունն է, մեր բարոյական պարտքն ու մեր փոխադարձ պատասխանատվությունը, և մենք կշարունակենք գործել համապատսխան կերպ»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը «չի մնա Գազայի վերահսկողության տակ՝ ո՛չ քաղաքացիական, ո՛չ ռազմական առումով։ Դա տեղի չի ունենա, քանի որ նման բան չի կարող լինել»:

Կացը հավելել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «պաղեստինցիների արտագաղթը խրախուսելու» ծրագիրն իրականանա, «ես արագ կպնդեմ ներգաղթի կամավոր վարչակազմի ստեղծմանը, որը թույլ կտա նրանց, ովքեր ցանկանում են լքել Գազան, անել դա Աշդոդ նավահանգստի կամ Ռամոնի օդանավակայանի միջոցով»: