Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրինագիծը ներկայացվել է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից: Նրան աջակցել են կառավարող կուսակցության, սոցիալիստական ընդդիմության եւ կենտրոնամետների մեծ մասը: Այժմ օրինագիծը ներկայացվելու է Սենատի քննարկմանը:
Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո ձեւակերպումը փոխարինվել են «օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձեւակերպմամբ: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայում ճանաչվել է երկու ցեղասպանություն` Հոլոքոսթը (1990թ. օրենք) եւ Հայոց ցեղասպանությունը (2001թ. օրենք):
Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:




























