Ֆրանսիայի կառավարությունը կրկին քննադատել է Ադրբեջանի ապակայունացնող քաղաքականությունը ֆրանսիական Նոր Կալեդոնիայի անդրծովյան տարածքի նկատմամբ, մասնավորապես՝ նրա աջակցությունը անկախության կոչերին։

Ինչպես հայտնում է Le Figaro-ն, այս մասին հայտարարել է Անդրծովյան տարածքների հարցերով նախարար Մանուել Վալսն՝ Ավստրալիայի մերձակայքում գտնվող Խաղաղ օվկիանոսում գտնվող արշիպելագ Նոր Կալեդոնիա կատարած այցի ժամանակ։

Նախարար Վալսը հայտարարել է, որ Ֆրանսիան օգտագործելու է բոլոր գործիքները՝ Նոր Կալեդոնիայի շուրջ ստեղծված իրավիճակին արտաքին միջամտությանը հակազդելու համար և քննադատել է Ադրբեջանի ապակայունացնող քաղաքականությունը։

«Ադրբեջանը... փորձում է ոչ միայն ազդել քաղաքական բանավեճերի վրա, օգտագործել այնպիսի ճգնաժամի պահերը, ինչպիսին Նոր Կալեդոնիան էր վերջերս, այլ նաև վարել միջամտության և ապակայունացման քաղաքականություն»,- ասել է Մանուել Վալսը։

Նա նշել է, որ Ադրբեջանի հռետորաբանությունը Նոր Կալեդոնիայի վերաբերյալ տարօրինակ է թվում։

«Ավելի շատ ժողովրդավարության, ավելի պաշտպանվածության մասին պահանջները մի երկրից, որը ժողովրդավարական մոտեցումներ չի կիրառում, որն իրական էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղում, հստակ ցույց են տալիս, որ նրա շահը ոչ թե այստեղ որևէ մեկին պաշտպանելն է, այլ Ֆրանսիային վնասելը»,- ասաց նախարարը։