ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ լուռ ակցիա է անցկացվում. մասնակիցները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջին։
Այստեղ են հավաքվել այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդում, ՀՀ արտաքին գործերի նախարարության և կառավարության շենքերի մոտ տեղի ունեցած ակցիաներին մասնակցած հասարակական–քաղաքական գործիչներն ու հասարակ քաղաքացիները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Բաքվի բանտերում ապահվող հայ գերիների հարցի լուծման բանալին Հայաստանի իշխանությունների ձեռքում է, և առնվազն այս հարցը օրակարգ դարձնելու և հետապանդելու հարցում առաջնային դեր և նշանակություն պետք է ունենա ՀՀ իշխանությունը:
«Սա չի քննարկվում։ Բայց մենք մեր պահանջը ուղղում ենք ոչ միայն Հայաստանի իշխանություններին, նաև միջազգային հանրության այլ դերակատարների, ցույց ենք տալիս, որ մարդիկ նաև ձեզնից պահանջելիք ունեն: Չնայած ՄԱԿ–ից ու միջազգային մյուս կառույցներից ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդու իրավունքների վրա հույս դրած մարդկանց հիասթափությունն անսահման է։ Մենք պետք է ջարդենք նաև մեր հանրության մեջ եղած անտարբերությունն այս հարցով. ինչքան հայությունը թե՛ ՀՀ–ում, թե՛ սփյուռքում լինի պահանջատեր, այնքան պատասխանատուներն ավելի ակտիվ կաշխատեն այդ ուղղությամբ»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ խոսքով, ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չասող որոշակի հայտարարություն է այսօր արել։
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ հայ գերիների այնտեղ գտնվելն արդեն հակասում է միջազգային իրավունքին. «Միջազգային իրավունքը հստակ հնարավորություն է տալիս ազգերին, ժողովուրդներին անգամ ինքնորոշման համար դիմել զենքի։ Եթե ժողովուրդը գնում է այդ ճանապարհով իր ինքնորոշման իրավունքը իրացնելու համար, դրա մեջ հակաօրինական բան չկա։
Ինչ կատարվում է Բաքվում, առհասարակ դատավարությունը, որևէ ձևով իրավական պրոցես անվանել չենք կարող, քաղաքական ֆարս է, կոնկրետ մեկ անձի՝ Իլհամ Ալիևի վրեժխնդրության հետևանքն է։ Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի կատարում, լուռ ու մունջ գնում են ուտոպիստական խաղաղության կոչվածի, որը չի լինելու։ Ինչքան հայկական կողմը խոսում է այդ մասին, ադրբեջանական կողմն այնքան պահանջներ է ներկայացնում»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Ստեփանյանն ընդգծեց` այս ակցիաները չպետք է լինեն մեկ կամ մի քանի օրվա, այլ պետք է լինի շարունակական պայքար, մինչև ՀՀ իշխանությունների քաղաքականության մեջ այս հարցն ամրագրվի որպես առաջնահերթություն։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 19–ին Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատավարություն կոչվող ֆարսին և հացադուլ է հայտարարում։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։





























