2011 թվակաին ոչ մի զգալի փոփոխություն տեղի չունեցավ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Խոշոր հաշվով, այն բոլոր հարցերը, որոնք գտնվել են քաղաքական ու միջազգային օրակարգում, պահպանել եւ պահպանում են իրենց արդիականությունը»,- նշեց նա:
Ըստ Մարկարովի, այս առումով, կարելի է առանձնացնել մի քանի էական տարրեր, որոնք վերաբերում են Ղարաբաղի անկախ պետականության կայացմանը` Անկախության 20-ամյակ, ընտրությունների անցկացում, որոնք հաստատեցին, որ ԼՂՀ-ն ինստիտուցիոնալացվում է:
«Կարելի է նշել տարրեր, որոնք կապված են Եվրամիության կողմից Հարավային Կովկասի երկրների հետ քաղաքականության ակտիվացման հետ` «Արեւելյան գործընկերության» ձեւաչափում: Կարելի է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ավելի գլոբալ տարածաշրջանային մասշտաբում, դեռեւս պահպանվում է հոգեբանական, տեղեկատվական, դիվանագիտական ճնշումն Իրանի վրա, որը դեռ անհայտ է, թե հետագայում ինչպես կանդրադառնա տարածաշրջանի զարգացման վրա: Հայաստանի առումով, առաջվա նման Վրաստանի հետ դրական հարաբերությունները պահպանում են իրենց արդիականությունը»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, ապա ըստ նրա, բարդ է միանշանակ ասել ապագայում դրանք առաջընթաց կունենա՞ն, թե` ոչ:
Հարցին, թե Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի համատեքստում Կրեմլը կփորձի՞ ամրացնել իր դիրքերը Կովկասում, Մարկարովը պատասխանեց. «ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններից հետո դեռեւս առաջնահերթ խնդիրն է լեգիտիմացնել այն, ինչ տեղի է ունենում, անցնել նաեւ նախագահական ընտրությունների փուլը, որի ժամանակ հասարակությունն ակտիվանում է եւ փորձում լսելի դարձնել իր ձայնը: Դա դեռեւս այլընտրանք չէ, բայց անհամաձայնություն է տեղի ունեցողի հետ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այսօր Ռուսաստանի համար հիմնական խնդիրը քաղաքական գործընթացի շարունակումն է եւ դրա փոխադրումն ավելի կառուցողական ուղի»:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությանը, քաղաքագետը նկատեց. «Մոսկվան այստեղից որեւէ տեղ չի էլ հեռացել: Ռուսաստանը մնում է քաղաքական խաղացող Հարավային Կովկասում, որի հետ չեն խաղում միայն Վրաստանում, սակայն հաշվի առնելով այդ երկրում հնարավոր փոփոխությունները, կա հավանականություն, որ ապագայում ռուս-վրացական ինչ-որ երկխոսություն կստեղծվի, բայց ոչ Սահակաշվիլիի իշխանության օրոք:




























