Որ դադարեցնենք բանակցությունները, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ պետք է կանգնեցնել բանակցությունները խաղաղության փաստաթղթի շուրջ, քանի դեռ մեր գերիների հետ այդպես են վարվում և նրանք չեն վերադարձվել:
«Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք։ Ես գնահատում եմ դա որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն: Տեսեք, այդքան գերիների մասին խոսում ենք, չէ՞, գերիների մասին այսքան աղմուկ է բարձրանում: Դուք մոռանում եք, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, և մենք այդ մարդկանց բանակցությունների և տարբեր դրվագների, տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։ Մենք չորս տարվա ընթացքում 150-ից ավել գերի հետ ենք բերել, հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից 11-12-ը, եթե չեմ սխալվում՝ Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,-ասաց նա:





























