Չի կարելի պատկերացնել անկախ և անկողմնակալ դատավարությունը Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ, և այս առումով ես ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հայտարարություն հարցի հետ կապված, մասնավորապես Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց, այդ թվում էթնիկ հայերի ազատ արձակման մասով։ Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը

«Հիմնական գաղափարը այն է, որ խոսքը էթնիկ պատկանելիություն ունեցող անձանց մասին է, այսինքն խնդիրը ոչ թե վերաբերում է մեկ կամ երկու հոգու, այլ անկախ նրանից, թե ովքեր են, եթե ունի այդ էթնիկ ազգային պատկանելիությունը, կարող է ճնշումներ ենթարկվել»,-ասաց ՄԻՊ-ը:

Հարցին, թե ՄԻՊ-ը կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Բաքվում գտնվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու համար, նա պատասխանեց, «Կան հարցեր, որոնց վերաբերյալ չի կարելի խոսել հրապարակային, որովհետև դա կարող է սկզբունքի խախտում լինել. միջազգային հարթակներում այս խնդիրների լուծումը նրանով չի պայմանավորված թե ինչքան բարձր ես խնդրի վերաբերյալ խոսում կամ ինչքան վիրավորանքներով լի արտահայտություններով ես խոսում, դա պետք է ունենա ճիշտ մարտավարություն:

«Ես ոչ միայն հաղորդակցության մեջ եմ միջազգային գործընկերների հետ, այլ նաև՝ հստակ իրավական վերլուծություններ եմ այս խնդրի հետ կապված անում: Մի մասին դուք էլ եք ծանոթ, որովհետև հրապարակային խոսել եմ այդ մասին, բայց մի մասը հնարավոր չէ հրապարակային ներկայացնել՝ այդ թվում նշված անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ կապված զգայունության հանգամանքը նկատի ունենալով»,-ասաց Մանասյանը:

Հարցին էլ՝ ի վերջո քաղաքական միջամտությո՞ւն է պետք, թե՝ իրավական, նա ասաց. «Իրավականն այս պարագայում, բնականաբար, շատ կարևոր հնարավորություն և միջոց է քաղաքական հարթակներում կոնկրետ նպատակներին հասնելու համար»: