Մտավախություն կա, որ իշխանությունները կարող են դիմել տարբեր մեթոդների ընտրություններում, բայց նաև վստահ եմ, վստահ եմ, որ այս անգամ լինելու է հաղթանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փարաքարի համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որը գլխավորում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների միավորմամբ ձեւավորված «Միասնություն» դաշինքի ցուցակը:
Հարցին՝ եթե բանը հասնի կոալիցիա կազմելուն, որ ուժերի հետ է դա հնարավոր եւ որոնց հետ հնարավոր չէ, նա պատասխանեց. «Նախ, ես բացառում եմ, որ 50 տոկոսից ավելի չհավաքենք: Իսկ եթե ստացվի այնպես, որ պետք է կոալիցիայի հարց լինի, վստահ եմ, որ ամենաշատ ձայները մենք ենք հավաքելու, և այն ուժերը, որոնք կուզեն իրենց ձայնը մեզ տալ, մենք պատրաստ ենք աշխատել իրենց հետ»:
Հարցին՝ մտահոգություն չունի՞, որ կրիմինալը կխառնվի ընտրություններին, Վոլոդյա Գրիգորյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես մտահոգություններ չունեմ, կրիմինալ կլինի, թե չի լինի: Այստեղ ժողովրդի ձայնը ստանալու պայքար է լինելու, իսկ ես սովորել, մեծացել եմ այս քաղաքում, բոլորը ինձ շատ լավ ճանաչում են, շատ լավ գիտեն, ես ոչ կրիմինալ եմ, ոչ էլ՝ մեծ-մեծ խոսացող:
Ինչ վերաբերում է իշխանության կողմից նման քայլերի գնալուն, ամեն քայլ ունի իր պատասխանը։ Եթե ինչ-որ մեկը կփորձի ինչ-որ քայլ անել, դրա պատասխանը կլինի:
Ես վստահ եմ, որ ժողովուրդը կանգնած է ու պայքարելու է իր ձայնի համար, որպեսզի համայնքը ունենա ճիշտ ղեկավար»:
Նա հավելեց, որ շատ մարդիկ, որոնք 2021 թվականի ընտրություններին իրենց ձայնը տվել են մեկ այլ ուժի, այս տարիների ընթացքում մոտեցել են, ասել են, որ իրենց սխալը հասկացել են: Ես այդ մարդկանց նկատմամբ նախկինում տարանջատում չեմ դրել, ու այսօր այդ մարդիկ են իմ կողքին:
Փառաքար համայնքում կան խոսացություններ, ու քանի որ կենտրոնը Փառաքարում է, համայնքապետը պետք է փարաքարցի լինի, բայց ես ժողովրդի հետ քննարկումների ժամանակ ասել եմ, որ չկա փարաքարցի, մերձավանցի, բաղրամյանցի, արևաշատցի, մուսալեռցի, ամեն ինչը լինելու է հավասարաչափ, ինձ համար նշանակություն չունի, դա մերձավանցի է, թե Թայիրով համայնքից է, եթե կա խնդիր, բոլորի հարցերը լուծվելու է հերթական կարգով»:
Նշենք, որ Փարաքարում այս անգամ ևս համայնքապետի թեկնածուներ են առաջադրվել այն նույն անձինք, որոնք առաջադրվել էին համայնքի նախորդ ընտրություններում: Մասնավորապես՝ ՔՊ թեկնածուն նախկին համայնքապետ, այժմ համայնքապետի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը հաղթել է փրայմերիզում:
Նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն առաջադրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունով: Առաջադրվել է նաև համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
Իսկ Վոլոդյա Գրիգորյանն առաջադրվել է «Ապրելու երկիր» և և «Հաղթանակ» կուսակցությունների համատեղ դաշինքի կողմից:





























