NEWS.am-ի Ամանորի հարցազրույցների շարք է նախաձեռնել նախարարների հետ, որի շրջանակներում էլ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:

Ինչպե՞ս եք որոշել այս տարի անցկացնել Ամանորը, որտե՞ղ, ու՞մ հետ:

Ինչպես եւ ամեն տարի` Հայաստանում եւ ընտանիքիս հետ:

Որքանո՞վ եք մասնակցում ամանորյա նախապատրաստություններին: Որոշե՞լ եք, թե ինչ եք նվիրելու ձեր երեխաներին, կնոջը, մտերիմներին:

Ամանորյա նախապատրաստություններին անմիջական մասնակցություն եմ ունենում, բացի ուտեստների պատրաստումից: Դեռ նվերներ չեմ ընտրել, քանի որ երեխաներս նամակներ են գրում Ձմեռ պապին եւ առայժմ իրենց ցանկությունները վերջնական տեսքի չեն բերել: Փորձում եմ ընտրել այնպիսի նվերներ, որոնք նաեւ օգտակար կլինեն:

Ձեր ընտանիքում Ամանորը կազմակերպելու եւ անցկացնելու ձեւավորված ավանդույթներ կա՞ն, կպատմե՞ք դրանց մասին:

Հաշվի առնելով, որ երեխաներս  փոքր են, ավելի շատ հյուրեր ենք ընդունում, քան ինքներս այցելում: Անցած տարի փորձեցինք նոր ավանդույթ ձեւավորել. քանի որ ամանորյա արձակուրդի օրերն ավելացվեցին, որոշեցինք ակտիվ հանգստով զբաղվել, որի ժամանակ երեխաները եւ մենք` ծնողներս, դահուկ  քշել  ենք սովորում: Կարծում եմ` այս տարի արձակուրդին եւս կկարողանանք զարգացնել մեր հմտությունները: Իսկ Ծննդյան տոնն արդեն  երկրորդ տարին է փորձում ենք անցկացնել  մարզերից որեւէ մեկում գտնվող եկեղեցի այցելելով:  

Հիշու՞մ եք, թե որն էր Ձեր կյանքի ամենաերջանիկ եւ ամենատխուր Ամանորը:

Ամենատխուրը, թերեւս, այն Ամանորն էր, որն առաջին անգամ անցկացրեցի ընտանիքից հեռու` ուսանողական առաջին տարին: Ամենաուրախները եւս ուսանողական տարիների  հետ են կապված: Ամենաերջանիկները` ընտանիքիս հետ անցկացվող ամանորներն են:

Երազանք պահու՞մ եք Ամանորի գիշերը, հավատու՞մ եք Ձմեռ պապի գոյությանը: Կնշե՞ք այն երեք երազանքները, որոնք կցանկանայիք, որ իրականանային:

Այն տարիքում չեմ,  որ հավատամ Ձմեռ պապին: Փորձում եմ այնպես անել, որ Ձմեռ պապի գոյությանը երեխաներս հավատան: Ինչ վերաբերում է երազանքին, ապա որպեսզի այն իրականանա, պետք է պահել ամանորյա գիշերը, ոչ թե նախապես հայտարարել:  Թեեւ մի երազանք մշտապես կա` այն, որ հարազատներս առողջ լինեն:  

Եթե դիմակահանդես կազմակերպվի, ի՞նչ կերպարով կներկայանաք:

Դեռ հրավեր չեմ ստացել:

 

Պատրաստեց`  Ինգա Մարտինյանը