Ամանորին ընդառաջ մեր համաքաղաքացիները, մասնավորապես` կանայք եւ աղջիկները, դիմում են վարսավիրանոցներ, գրանցվում նախապես: Ավելին` որոշ գեղեցկության սրահներում արդեն հնարավոր չէ Ամանորի օրերին ազատ ժամ գտնել, եւ դրանով է պայմանավորված նաեւ այն, որ այդ օրերին գնաճ է նկատվում նաեւ վարսահարդարման ոլորտում:
Օրկնակ` քաղաքի հայտնի վարսահարդարներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ Ամանորի երկու օրերին ինքը չի համաձայնում սովորական գներով աշխատել, քանի որ իր ժամանակը բավական թանկ է: «Եթե բոլորը զբաղված են իրենց լավ գործերով, իսկ ես աշխատում եմ ու իմ թանկ, ամանորյա լավ ժամանակը վատնում եմ իրենց վրա, կարծում եմ, որ իմ ժամանակը պետք է թանկ գնահատվի»,- նշեց նա: Մեր հարցախույզը ցույց է տալիս, որ Երեւանի գեղեցկության սրահներում գործում են ամենատարբեր գներ: Ամանորին ընդառաջ մազ կտրելը միջինում արժե 2 հազարից 3 հազար դրամ, ներկելը` 10 հազար դրամ, իսկ երեկոյան սանրվածքը` 5-10 հազար դրամ:
Ինչպիսի՞ սանրվածք եւ մազերի գույն ընտրել Ամանորը դիմավորելու համար
2012 թվականը վիշապի տարի է, եւ այն վարսահարդարման մեջ ոչ մի պարտանքներ չունի: «ՆՆ» գեղեցկության սրահի ոճաբան, վարսահարդար Աղավնի Ասլանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նարնջագույնը եւ կարմիրը զիջում են իրենց տեղը եւ մազերի գույն ընտրելիս մասնագետը հայ կանանց եւ աղջիկներին խորհուրդ է տալիս շոկոլադի գույներից անցնել պղնձագույնին: Եթե 2011թ. գերակշռում է մազերի կարճ սանրվածքները, ապա 2012թ.` ավելի շատ երկար վարսերը:
«Սովորաբար օրինաչափ է, եթե մի տարի կարճ մազեր են լինում նորաձեւ, ապա մյուս տարի` ավելի երկարը»,- նշեց նա: Աղավնի Ասլանյանի խոսքով` երեկոյան սանրվածքների մեջ նորաձեւ են հոլիվուդյան թույլ ալիքները, որն ապահովում է բնական տեսք եւ դա կարելի է անել Ամանորի գիշերը: Նրա խոսքով` սանրվածքների մեջ նորաձեւության միտումներից են շատ չհարդարված, բայց վարսավիրի միջամտությամբ բնական եւ գեղեցիկ մազերը, օրինակ` թույլ ալիքները հավաքելը եւ այլն:
Ի դեպ, մասնագետը նաեւ բացեց գաղտնիքը, թե ինչպես այդպիսի ալիքներ ստանալ տնային պայմաններում: Նոր լվացած եւ լավ խոնավ մազերը էլեկտրապտուտակով («շիպցիով») փաթաթում են, ավարտելուց հետո ստացված ալիքները տանում են դեպի ծոծրակը եւ այնտեղ հերակալներով հավաքում են, բայց շատ թույլ: Խորհուրդ չի տրվում նաեւ օգտագործել լաքեր, զանազան իրեր, որոնք արհեստական կդարձնեն սանրվածքը: Առօրյա սանրվածքներից, Աղավնիի խոսքով, նորաձեւ են տարբեր հյուսքերը, բայց հարդարված: Շարունակում են արդիական լինել այսպես ասած ուղիղ եւ խառը հարդարումները, իսկ գանգրացումն արդեն զիջում է իր տեղը:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























